Երբ հանքեր ունենալու անուն ես տալիս, ապա ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը սկսում է նյարդայնանալ ու վրդովված պատմել, որ ինքը հանք չունի, բայց հետո պարզվում է, որ իր ընտանիքն ունի:
Այս օր էլ բացառություն չէր: ԱԺ–ում Այվազյանը այնքան վրդովվեց, որ խորհրդարանի միջանցքում գոռգոռաց, թե` եթե կա մեկը, ով կարող է իրեն «տղամարդ համարել ու դուխ ունենալ հանքեր շահագործելու», թող գա, ինքն իր հանքերը կտա նրան.«Եթե կա մի տաղամարդ, ով էդ բեռի տակ կմտնի, թող գա շահագործի, տալիս եմ իրան հարյուր տոկոս: Լավ եմ արել, ո՞ւմ ա հետաքրքրում, լավ եմ արել, կա՞ մեկը, որ կարա իմ պես լավ անի: Կա՞ որևէ մեկը, որ կարա էդքան դուխ անի, մտնի էդ գործի մեջը»:
Վարդան Այվազյանը ամբողջ խոսակցության ընթացքում մի քանի անգամ անդրադարձավ իր և «Գլոբար գոլդ Մայնինգ» ընկերության մեջ եղած դատական վեճին, որը Նյու Յորքի դատարանում էր քննվում՝ շեշտելով, որ դատարանն իրեն արդարացրել է, բայց ոչ ոք դրա մասին չի խոսում. «Վրես դատ են բացում, դատը կրեցի, իրանցից պրծա, ձեզնից չեմ պրծնում: Իրանց գողացած փողը բռնել եմ էս երկրի համար, դատի եմ տվել, դատը կրել եմ, էլի չեմ պրծնում: Գրում էին՝ հեսա պարոն Այվազյանին դատում են, հեսա Ազգային ժողովից կալանավորում են: Իրանց վրա գողացած ոսկի եմ գրել, քանակությունն էլ կարամ ասեմ, Հայաստանից գողանալու համար բռնել եմ: Ինձ դատում էին ոչ թե որպես նախարար, դուխները հերիք չէր անում, այլ որպես Այվազյան Վարդան, էդ էլ չկարողացան»:
|