Главная » 2014 » Март » 9 » Միշտ սիրել եմ, որ նվերներս անակնկալ են եղել. Տիգրան Ներսիսյան
22:06
Միշտ սիրել եմ, որ նվերներս անակնկալ են եղել. Տիգրան Ներսիսյան
Միշտ սիրել եմ, որ նվերներս անակնկալ են եղել. Տիգրան ՆերսիսյանԵրբ կինը սիրված և գնահատված է՝ ապա միշտ գիղեցիկ է, երջանիկ ու անհոգ:

Կանաց գարնանային մեկամսյակին ընդառաջ ameninch.do.am-ը զրուցել է սիրված և կնամեծար դերասան Տիգրան Ներսիսյանի հետ, ով միշտ ապացուցել է վերոնշյալ խոսքերիս ճշմարտացիությունը: Ի դեպ, նրա հետ խոսեցինք նաև նոր ներկայացումների, հեռուստատեսային բացակայության և գարնանային անակնկալների մասին:
-Երբ զանգահարեցի, թատրոնի համար բավական ուշ ժամ էր, բայց դուք այնտեղ էիք: Որևէ նոր գո՞րծ է պատրաստվում:

-Պատրաստվում ենք Շեքսպիրի «Ռիչարդ 3-րդ» ներկայացմանը, որի պրեմիերան կլինի մարտի 28-ին: Այս օրերին արդեն վերջնական փորձերն ենք անում, ամբողջ օրը թատրոնում եմ լինում, որպեսզի հասցնենք:

-Փաստորեն ձեր՝ էկրաններին քիչ երևալը բազմազբաղվածությա՞ն արդյունք է:

-Բացի դրանից պետք է լինի նաև հարմար ու համապատասխան առաջարկ, որպեսզի էկրաններին երևամ… Բայց դեռևս նման առաջարկ չկա:

-Նախկինում ձեզ երբեմն Հ1-ի սերիալներում հանդիպում էինք: Կարելի՞ է ասել, որ որակը ձեզ չբավարարեց: 

-Ընդհանրապես պետք է ասեմ, որ ամեն ինչը և բոլոր ոլորտներում պետք է որակյալ լինի: Սերիալները պետք է իրենց պրոֆեսիոնալիզմով, որակական հատկանիշներով չզիջեն: Ովքեր աշխատում են այդ սերիալների վրա՝ սցենարիստ, ռեժիսոր, դերասաններ, նույնպես պետք է պրոֆեսիոնալներ լինեն: Հեռուստատեսություն, կինո, թատրոն, սերիալ՝ այս բոլորը ընդհանուր մի դաշտ է և երբ այդ դաշտը նորմալ աշխատում է, աչքի չի զարնում ու անընդհատ խոսելու թեմա չի դառնում: Այո, սերիալներ պետք է լինեն և այդ ընդհանուր դաշտը լրացնեն: Բայց մեզ մոտ հենց այդ դաշտը պասիվ է, չի աշխատում: Պրոֆեսիոնալ կինո այսօր հազվադեպ է նկարահանվում, շատ տկար է: Պետք է ամեն ժանրում, բոլոր ֆորմատներով նկարահանել, այդ դեպքում մարդիկ շատ չեն կենտրոնանա սերիալների մասին խոսակցությունների մեջ և որակն էլ անորակից կտարբերեն:

-Կարծում եմ, սերիալները միշտ էլ կշարունակեն քննարկման թեմա մնալ, դրա հետ մեկտեղ՝ ամենադիտվողների շարքում դասվել:

-Աշխարհը սերիալի թեման վաղուց փակել է,քանի որ այնտեղ ամեն ինչ պարզ է, իսկ մենք այդ մասին շատ ակտիվ դեռ խոսում ենք …Նույնիսկ մարդիկ կային, որ ասում էին դա ազգային անվտանգության հարց է: Ես դրա հետ կարող եմ համաձայնել միայն մի տեսանկյունից. ամեն անորակ բան՝ հատկապես մշակույթում, շատ վնաս է տալիս և պետության կայացմանը, և երիտասարդությանը, և մատաղ սերնդին: Կարևոր չէ, դա սերիալ է, թատրոն, կինո, թե համերգ… Կարևորն այն է, որ աշխատանքը նպատակ ունենա, ուսուցողական լինի և կյանքի կոչվի:

- Չեմ ուզում ամսվա թեման անտեսեմ, նամանավանդ, երբ զրուցակիցս տղամարդ է՝ ամսվա «տուժողներից» մեկը…Շատերը բողոքում են, որ մենք մեկ ամիս, իսկ դուք՝ մեկ օր ունեք:

-Չեմ էլ կարող հասկանալ, թե որ տղամարդը կարող է նման բողոք ներկայացնել…Համենայնդեպս, ես չեմ կիսում այդ կարծիքը և համաձայն չեմ դրա հետ:Իհարկե, կանանց տոները պետք է շատ լինեն, նրանք ավելի գեղեցիկ են, ուշադրության մեջ պետք է միշտ լինեն: Իսկ լավ կլինե՞ր, եթե տղամարդկանց մեկամսյակ նշեին, արդյոք տղամարդիկ իրենց դրանից լավ կզգային (ծիծաղում է)…Ես հաստատ ինձ լավ չէի զգա: Կարծում եմ, մեկ օրն էլ բավական է, եթե չլինի էլ՝ ոչինչ:Կանայք միշտ ու ամեն ինչում պետք է առավելություն ունենան, և տղամարդը պետք է միշտ հիշի, գնահատի իր կնոջը, ընկերուհուն, կողակցին, հարազատին, իր շրջապատի կանանց: Այդ ուշադրության դրսևորումները միշտ պետք է լինեն, իսկ այս մեկամսյակի շրջանակներում՝ առավել ընդգծված: Իսկ տղամարդու դժգոհության առիթ պետք է դառնա այն, որ դա պատասխանատվության առիթ է ավելացնում. պետք է մտածես՝ կնոջդ համար ինչո՞վ գեղեցկացնես այդ օրերը, ի՞նչ օրիգինալ մի բան անես, գեղեցիկ անակնկալ մատուցես: Նաև դժգոհության առիթ կարող է դառնալ այն, որ ֆինանսապես նեղվում ես ու չես կարող այն գեղեցիկ նվերը մատուցել, որը ցանկանում ես:

- Իսկ նվերի արժեքը կարևո՞ր չէ:

- Ոչ, նվերդ կարող է շատ թանկ չլինել, բայց ինքնատիպ ու գեղեցիկ լինել և ՆՐԱ համար գնահատելի: 

-Դուք արդեն որոշե՞լ եք՝ մարտի 8-յան ինչ անակնկալ մատուցել : 

-Պատկերացնո՞ւմ եք, ես հիմա այնքան եմ տարված ներկայացմամբ, որ ժամանակ չեմ գտել այդ ուղղությամբ մտածելու: Եվ ես, և Նելլին մինչև երեկո թատրոնում ենք լինում, երկուսս էլ զբաղված ենք նույն ներկայացման մեջ: Բայց ես անպայման մեկ օրվա մեջ մի հետաքրքիր բան կմտածեմ:

-Ձեր տանը կան իգական սեռի 3 ներկայացուցիչ, այո՞:

-Այո, ես երեք հիասքանչ էակներով եմ շրջապատված, գեղեցկությամբ ու սիրով: Նրանք ինձ համար ամենաթանկ մարդիկ են և ես երջանիկ եմ:

-Իսկ գոնե պատկերացնո՞ւմ եք՝ ինչ նվերներ կմատուցեք նրանց:

-Միշտ սիրել եմ, որ նվերներս անակնկալ են եղել…Դե, փոքրիկս 10 տարեկան է և իր համար ամեն օր մարտի 8 է: Բայց կնոջս և մեծ աղջկաս դեպքում ինձ համար միշտ կարևոր է եղել, որ անակնկալս իրենց նաև անհրաժեշտ լինի: Մինչ մեկամսյակը՝ ես շատ նուրբ հասկացել եմ, թե իրենց ինչ է պետք, դրան կավելացնեմ նաև իմ երևակայությունն ու ճաշակը:

-Պարոն Ներսիսյան, ընդունված կարծիք է, որ արվեստագետների ընտանիքները այնքան էլ հաշտ ու երկարակյաց չեն լինում… Դուք ձեր կյանքով հերքել եք այդ փաստը… Ինչպե՞ս հաջողվեց:

-Գիտեք, ես մի բան եմ հասկացել այս տարիների ընթացքում. երբ հիմքը դրված է ճիշտ, ընտանիքը սիրո ծնունդ է, ապա ոչինչ չի խանգարի: Դա առաջին և կարևոր գրավականն է: Եթե դա կա, ապա մնացած ամեն բան հաղթահարելի է… Կյանքն ինքնին դժվար է: Խանգարող շատ հանգամանքներ են լինում՝ սոցիալական, ֆինանսական, հոգեբանական խնդիրներ... Եվ եթե այդ խնդիրները դռնից ներս են սողոսկում, ապա սկսում է քայքայվել ընտանիքը: Իսկ երբ հիմքը ուժեղ է, սիրով է ստեղծված, ոչինչ չի կարող սասանել, բոլոր դժվարությունները հաղթահարելի են:

-Երբ տարաձայնություններ եք ունենում, առաջին զիջողը ո՞վ է լինում:

-Որքանով ես եմ իրադարձություններին ուշադիր եղել, զիջողը Նելլին է լինում: Նա է հարթում, սուր անկյունները մեղմացնում, հանդարտեցնում: Նա ընդհանրապես սիրում է, որ տանը ներդաշնակություն և հանգստություն լինի:

-Շնորհակալ եմ զրույցի համար:

-Ես ևս շնորհակալ եմ… Շնորհավորում եմ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, մեզ շրջապատող Աստվածային երևույթներին, որոնք կոչվում են ԿԻՆ…Մեր քույրերին, մայրերին, տատիկներին ցանկանում եմ գեղեցկություն, սեր, երջանկություն: Ձեզ ցանկանում եմ ամենագեղեցիկը, դուք միայն գեղեցկացնում, սիրով եք լցնում մեր կյանքը, բովանդակություն եք տալիս նրան… 
Просмотров: 224 | Добавил: chort | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
More info
Image gallery
contact
Phone: +7 495 287-42-34 Email: info@ucoz.com
CHARLES S. ANDREWS
3139 Brownton Road
Long Community, MS 38915
Location in google Maps